ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ԽԱՉՎԵՐԱՑ (ՍՐԲԽԵՉ)

ԽԱՉՎԵՐԱՑ (ՍՐԲԽԵՉ)
10.09.2010 | 00:00

(սեպտեմբերի 12)
Երանի՜ նրանց, ովքեր պահում են իրավունքները,
արդարություն են միշտ գործադրում՝ ամե՜ն ժամանակ:
Հիշի՛ր մեզ, ո՛վ Տեր, ժողովրդի մեջ, որ
Քե՛զ է հաճելի,
և փրկությունդ գործադրելիս մե՛զ էլ այցելիր:

(Սաղմոսարան)
Խաչվերացի տոնը վերաբերում է Փրկչի խաչափայտի գերությունից վերադարձին: Խաչափայտը որոնելու ելավ Հեղինե թագուհին՝ մայրը մեծ հավատացյալ Կոնստանդինոս արքայի: Թագուհին Երուսաղեմում գտավ Հուդա անունով մի հրեայի, որը ցույց տվեց այն տեղը, ուր երեք խաչափայտերն էին թաղված: Մեկն էր մեր Փրկչինը, երկուսը երկու ավազակներինն էին: Այդ պահին կողքից թաղման փոքրիկ մի թափոր էր անցնում. մահացածը մի երիտասարդ էր: Հեղինե թագուհու հրամանով երիտասարդի աճյունը հերթով դրեցին երեք խաչափայտերին էլ: Եվ երբ մեռելը դրեցին Տիրոջ խաչափայտին, նա հարություն առավ և ոտքի ելավ: Այդպե՛ս գտնվեց մեր Տիրոջ խաչափայտը:
610 թվականին, երբ պարսիկները գրավեցին Երուսաղեմը, Փրկչի խաչափայտը որպես ավար տարան իրենց հետ:
627 թվականին Հերակլ կայսրը, հաղթելով պարսիկներին, խաչափայտը վերադարձրեց: Խաչափայտի հետգրավմանը հայերը ևս մասնակցեցին՝ նախարար Մժեժ Գնունու հրամանատարությամբ: Եվ խաչափայտը հետ բերելիս հանգրվանեցին Կարնո լեռներում: Հանգրվանի տեղում, վկայվում է, բժշկարար մի աղբյուր բխեց: Այդտեղ կառուցվեց եկեղեցի, և տարածքն ուխտավայր դարձավ: Խաչափայտը կրկին իր տեղը՝ Երուսաղեմ հասցվեց սեպտեմբեր ամսի 14-ին: Եվ ըստ այդմ էլ Խաչվերացի տոնը մայր եկեղեցին տոնում է սեպտեմբերի 14-ի ամենամոտ կիրակի օրը:
Մեր ժողովրդի մեջ Խաչվերացը, որ նշանակում է Խաչի վերադարձնելը, հաճախ անվանվում է Սրբխեչ կամ Սուրբ Խաչ:
Ճիշտ է, բոլոր տաղավար տոների հաջորդ օրը, որ մեռելոց է, մեր հավատացյալ ժողովուրդը գերեզմաններ է այցելում, սակայն հատկապես Խաչվերացին հաջորդող մեռելոցի ժամանակ հավատացյալների այցելությունը գերեզմաններ գրեթե համաժողովրդական նվիրյալ շարժ է հիշեցնում: Ժողովրդական սովորույթ է, որ զոհաբերվում են բազմաթիվ ուլեր, որ խորհրդանշանն է մարդու՝ ուլի նման, դեռ այծ չդարձած մանուկ հակառակասիրության, իսկ նրանց զոհաբերումը Աստծո առաջ ննջեցյալի հաշտության դարձն ու խոնարհումն է խորհրդանշում: Սակայն կենդանիների զոհագործությունները, ըստ օրենքի են և պարտադիր չեն քրիստոնյաներիս համար, քանի որ քրիստոնյաներս Քրիստոս Մշտնջենական Զոհով ենք զոհաբերման խնդիրները մեր հավատով լուծում, որը և լավագույնն է մեզ համար:
Խաչվերացի տոնը մեր ժողովրդի ամենակարևոր սպեղանիներից է: Վկայվում է, որ հավատավոր ննջեցյալների հսկա մի զանգված մեծ փափագով սպասում է այդ տոնին, որ աղոթքներով ու բարեգործություններով այս աշխարհում իրենց համար միջնորդություն կատարվի առ Տեր Աստված: Խաչվերացի օրը նաև մեռելոցի` ի սրտե կատարվող բարեգործությունների օր է: Ամե՛ն:
...Ինձ որս անողի դրած թակարդից Նա՛ պիտի փրկի
և ազատի ինձ այն խոսքերից, որ
հոգին դնում են խռովության մեջ:
...Հրեշտակներին պատվիրել է Նա,
որ պահպանե՛ն քեզ քո բոլո՜ր-բոլոր ճանապարհներում.
քեզ պիտի բռնեն իրենց ձեռքերով,
որպեսզի երբեք ոտքդ չզարկես որևէ քարի:
Դու պիտի քայլես իժերի, նաև քարբերի վրա
և առյուծներին և վիշապներին կոխելո՛վ անցնես:

(Սաղմոսարան)
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8596

Մեկնաբանություններ